Մելիք-Եգանյաններ, Մելիք-Ավանյաններ

Ըստ պատմաբան Բագրատ Ուլուբաբյանի, Մելիք-Եգանյանների իշխանական տունը ծագել է Առանշահիկ թագավորական-իշխանական տոհմի մի ճյուղից, որն առանձնացել էր դեռևս VII դարերում: VIII-IX դարերում այդ տնից հայտնի էր իշխան Հովսեփը, որի որդի Եսայի Ապումուսեն, հաստատվելով հարավային Արցախ հայոց նահանգում, Տողասարի գագաթին կառուցում է անմատչելի Գորոզ բերդը և հիմնում է Գտիչ-Գորոզի իշխանությունը: 853թ. իշխան Եսային ամրանալով Գորոզ բերդում եւ քսանութ գրոհ ետ մղելով՝ պարտության է մատնում 200,000-անոց արաբական բանակին, որից հետո արաբները ստիպված են լինում ճանաչել իր ինքնիշխանությունը: Իշխան Եսային նաև հաջողաբար պաշտպանում է իր իշխանությունը Բաբեկ ավազակի ասպատակություններից. իշխան Եսայուն հաջողվում է վերջինին կալանել և հանձնել արաբներին զգալի գլխավարձի դիմաց:
Իշխան Եսայու մահից հետո (854 թ.) Գտիչ-Գորոզի իշխանությունը ժառանգեց վերջինիս որդի Մովսեսը, որին հետևեցին ավագ որդի Գորոզ բերդի տեր իշխան Վաչագանը, այնուհետև Եսայու երկրորդ որդի Գագիկը:

Մելիք-Եգանյանների տոհմանիշը
Հետագայում՝ XVI դարի առաջին քառորդում նույն տոհմի ժառանգ իշխան Ավանը ժառանգում է Դիզակի ավատատիրական իշխանությունը՝ Տող իշխանանիստ կենտրոնով: Արցախի իշխանների մեջ, իշխան Ավանը առաջինն էր, որ կանոնավոր իշխանական (մելիքական) զորք ստեղծեց: Այլ հայ իշխանների հետ միասին, իշխան Ավանն իր հեծելազորով օգնում է պարսից Նադիր խանին (հետագայում շահ) ջարդելու օսմանցի թուրքերին 1735 թվականի հունիսին Եղվարդի ճակատամարտում: Ի նշան երախտագիտության, Նադիրը ճանաչեց Արցախի հինգ իշխանությունների (Խամսայի մելիքություններ) ինքնավարությունը: Շնորհիվ իր հզորության և հեղինակության, իշխան Ավանը մտերիմ կապեր է հաստատում Նադիրի հետ: Երբ Նադիրը արևելյան Հայքի Մուղանքի դաշտում հռչակվում է շահ, ի միջի այլոց իշխանների և ազնվականների, նա գահակալման արարողության է հրավիրում նաև իշխան Ավանին, որին պաշտոնադրում է խան և դասում գերակա Արցախի այլ իշխանությունների վրա, նաև անվանում է Եգան, ինչը նշանակում է «ուսուցիչ»: Այդպիսով Ավանյան իշխանների տոհմանունը փոխվում է, և տոհմը անվանակոչվում է Մելիք-Եգանյան: Նադիրը հաճախ էր հյուրընկալվում իշխանանիստ Տողում մելիք Եգանի պալատում:

XVIII դարում Մելիք-Եգանյանների մի մասը տեղափոխվեց Լոռվա Բոլնիս գավառը, որտեղ նրանք սկիզբ դրեցին տեղի իշխան Քալանթարյանների տանը: Վերջիններից էլ ծագեց Լոռվա-Մելիքյանների (վրացական արտասանությամբ՝ Լոռիս-Մելիքովների) տոհմը: Տողում մնացած Մելիք-Եգանյանների մի ճյուղն էլ բռնի կերպով մահմեդականացվեց, սկիզբ դնելով իսլամացած Մելիք-Ասլանովներին:

Չնայած այդ ամենի, Դիզակի հիմնական Մելիք-Եգանյանների ճյուղը բազմացավ և տարածվեց Արցախում և Հայքի այլ նահանգներում:  


Մելիք-Եգանյանների իշխանացանկը

  • Հովսեփ
  • Եսայի Ապումուսե
  • Մովսես
  • Վաչագան, Գագիկ, Ոսկի
  • ... (անհայտ իշխաններ)...
  • Ղուկաս (մոտ 1680-1710)
  • Ավան-Եգան Մեծ (մոտ 1710-1744)
  • Արամ (1744-1745)
  • Եսայի Բ (Արամի եղբայր) (1745-1781)
  • Բախտամ (տոհմակից) (1781-1795)
  • Աբբաս Դաժան (1795-1828)

Գրականություն
  1. Իշխան Սարգիս Ջալալյանց. Աղվանքի պատմություն (անտիպ, բնօրինակը՝ Տյուբինգենի Համալսարանում)
  2. Մակար Բարխուդարյանց. Պատմություն Աղւանից: Թիֆլիս, 1907
  3. Րաֆֆի. Խամսայի մելիքությունները: Երևան, 1991
  4. Արտակ Մաղալյան. Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII–XIX դդ.: Երևան, 2007